Ռուսական արվեստի թանգարանի առաքելությունն է
- Ռուսական մշակույթի միջոցով կազմակերպել կրթական և հաղորդակցական թանգարանային տարածք։
- Արվեստի թանգարան բոլոր համար։
- Արամ Աբրահամյանի ժառանգության արժևորում և մեկնաբանում։
- Ռուսական արվեստի նորովի ընկալման և արդիականացման խթանում։
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ՊՈԱԿ-ի համալրման հայեցակարգ
Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) համակողմանիորեն ներկայացնում է համաշխարհային նշանակություն ունեցող 19 դ. վերջի – 20 դ. կեսերի ռուսական արվեստի ընտրանի: Վերջինս արտացոլում է ռուսական գեղարվեստական կյանքում բազմազան խմբավորումների և հոսանքների առաջացման մի ժամանակաշրջան, երբ ի հայտ եկան «Միռ իսկուստվա», «Գոլուբայա ռոզա», «Բուբնովի վալետ» և այլ հայտնի ստեղծագործական խմբեր: Հենց այդ ժամանակաշրջանի հեղինակների ստեղծագործություններն էր հավաքում թանգարանի հիմնադիր, մեկենաս, ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանը: Հայաստանին նվիրաբերած այս անգնահատելի հավաքածուի շնորհիվ 1984 թ. Ռուսական արվեստի թանգարանն իր այցելուներին է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող ռուս հեղինակների՝ Վ. Սերովի, Կ. Կորովինի, Մ. Վրուբելի, Ա. Արխիպովի, Մ. Նեստերովի, Ալ. Բենուայի, Ե. Լանսերեի, Ն. Ռերիխի, Ն. Գոնչարովայի, Զ. Սերեբրյակովայի, Բ. Կուստոդիևի, Կ. Սոմովի, Ն. Սապունովի, Ս. Սուդեյկինի, Ա. Գոլովինի, Ն. Կրիմովի, Կ. Պետրով-Վոդկինի, Ա. Լենտուլովի, Ռ. Ֆալկի, Ն. Ուդալցովայի, Ա. Դրևինի, և այլոց գործերը:
Թանգարանի հավաքածուն համաշխարհային մշակութային ժառանգության կարևոր բաղկացուցիչն է, որը կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության համատեքստում։
Հավաքածուի զգալի մասը ներառում է ռուսական «Արծաթե դարի» արվեստագետների աշխատանքներ։ Այդ տարիներին Ռուսաստանում բուռն վերելք էր ապրում արվեստն իր բազմաթիվ ճյուղերով (կերպարվեստ, ճարտարապետություն, պոեզիա, թատրոն, բալետ): Հայացքների ընդհանրությունը տաղանդավոր մարդկանց համախմբել էր գեղարվեստական միավորումների շուրջ, ինչպիսիք են` «Միր իսկուստվա», «Գոլուբայա ռոզա», «Բուբնովի վալետ», «Օստ» և այլն: Թանգարանը ներկայացնում է ռուսական կերպարվեստի տարբեր ոճերը և ուղղությունները, ինչպես նաև ցուցադրում է ժանրերի և տեխնիկաների բազմազանություն՝ ի ցույց դնելով այդ դպրոցների կայացման փուլերը և զարգացման առանձնահատկությունները: Այս ամենից ելնելով անհրաժեշտ ենք համարում հավաքածուի համալրման աշխատանքներում առավելություն տալ թանգարանում առկա հեղինակների ստեղծագործական տարբեր ժամանակշրջանների և ոճերի գործերին, որպեսզի առավել ամբողջական ներկայացնենք տվյալ ժամանակաշրջանը։
Հավատարիմ մնալով կոլեկցիոներ Ա. Աբրահամյանի մոտեցումներին և թանգարանի հայեցակարգային, հարկ ենք համարում թանգարանային ֆոնդերը համալրել 19-րդ դարի վերջի 20-րդ դարի կեսերի ռուս հեղինակների ստեղծագործություններով։ Վերջիններս կնպաստեն հավաքածուն ավելի ամբողջական դարձնելուն և հեղինակներին առավել ամբողջական ձևով ներկայացնելուն, մասնավորապես նրանց ստեղծագործական բազմազանությունը ամբողջական մեկնաբանելու տեսանկյունից:
Համալրման աշխատանքերում առավելություն է տրվում «Միր իսկուստվա», «Գոլուբայա ռոզա», «Բուբնովի վալետ», «Օստ», «Սուրովի ստիլ», «Մակովեց» և տվյալ ժամանակաշրջանում գործող այլ խմբավորման հեղնիակների։
Նախապատվություն է տրվում հետևյալ հեղինակների ստեղծագործություններին. Ա. Բենուանի ստեղծագործություններից թանգարանում ներկայացված է իր թատերական դեկորացիաների էսքիզներով, բայց նկարչի ստեղծագործական կյանքի անբաժանելի մաս են կազմում հաստոցային աշխատանքները, ուստի հատկապես կարևոր և պատկերավոր կլինի ձեռք բերել նրա «Միր իսկուստվայի» ժամանակաշրջանի գործերը, որոնք գրեթե ներառված չեն հավաքածուի մեջ: Նույն խմբավորումից ցանկալի է նաև համալրել նկարիչներ Կ. Սոմովի, Բ. Կուստոդիևի, Ա. Գոլովինի գործերով, ինչպես նաև ժամանակի ակնառու ստեղծագործողներից Գ. Յակուլովի և Ի. Բիլիբին աշխատանքներով։ Այս ամենը առավել պատկերավոր կդարձնեն և կամբողջացնեն հավաքածուի տվյալ ժամանակաշրջանը:
Թանգարանում մի ամբողջ սրահ նվիրված է թատերական դեկորացիաների էսքիզներին: Այդ շրջանի նշանավոր նկարիչ-դեկորատոր Լ. Բակստը կատարել է մի շարք աշխատանքներ նվիրված տարբեր օպերաների, բալետների ձևավորման էսքիզներ, որոնք համարվել են ժամանակաշրջանի հանճարեղ գործեր: Սակայն, թանգարանում չկա Լ. Բակստի ոչ մի աշխատանք, այն գնելու պարագայում ավելի ամբողջական կարելի է ներկայացնել վերոնշյալ ժամանակաշրջանն ու թեման։
Ժամանակի ավանգարդ նկարիչներից շատերը, ովքեր համարվում են «Բուբնովի վալետ» խմբավորման հիմնադիրները` Պ. Կոնչալովսկի, Ա. Լենտուլով, Ռ. Ֆալկը, Ն. Գոնչարովան, Ա. Օսմյորկինը, որոնց գործերին նվիրված է մի ամբողջական հարկ, թանգարանում ներկայացված են իրենց ստեղծագործական փուլի ուշ շրջանի գործերով և ամբողջական պատկերացում չեն տալիս ստեղծագործական այդ փուլի գործերի մասին: Թանգարանում չկա նաև ավանգարդ ոճի ակնառու ներկայացուցիչ Մ. Լարիոնովի աշխատանքներից, վերջինս եղել է նաև Ն. Գոնչարովայի ամուսինը և իրենց միասին ներկայացնելը թանգարանում ավելի կհետաքրքրացնի հավաքածուն։