Պետերբուրգցի Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուան բազմակողմանիորեն օժտված անձնավորություն էր` գեղանկարիչ, գծանկարիչ, թատերական նկարիչ, արվեստի պատմաբան:
Նա համահիմնադիրն ու «հոգին» էր «Արվեստի աշխարհ» գեղարվեստական միավորման, որը ծնունդ առավ 1898-ին, Սանկտ-Պետերբուրգում և գործեց մինչև 1924 թվականը:
«Արվեստի աշխարհի» ներկայացուցիչները մերժեցին պերեդվիժնիկների ակադեմիզմը և կանխակալությունը: Իրենց աշխատանքներում նրանք հաճախ էին դիմում պատմական անցյալին` XVIII-XIX դարերին:
«Արվեստի աշխարհի» մեծ ծառայությունը եղավ բարձր գեղարվեստական գրքային գրաֆիկայի ստեղծումը: Բացի այդ, նրա բոլոր անդամներն աշխատում էին թատրոնում և թատերական ու դեկորատիվ նկարչության փայլուն վարպետներ էին: Բենուայի ողջ ստեղծագործության մեջ առկա է երկու թեմա` Վերսալը և Պետերբուրգը՝ իր արվարձաններով: Պետք է նշել, որ «Արվեստի աշխարհի» անդամները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ճարտարապետության հանդեպ, և ռուսական արվեստում նրանց շնորհիվ ճարտարապետական թեմաներն առաջին անգամ լավագույնս արտահայտվել են նկարիչների գործերում:
Բենուան սիրահարված էր Վերսալին: Նա ամբողջ ամիսներ էր անցկացնում այնտեղ՝ իր կտավներին հանձնելով պալատական և զբոսայգիների անսամբլի գեղեցկությունը, որը կառուցված էր XVII-XVIII դարերի ֆրանսիական կլասիցիզմի ոճով:
«Օրանիենբաում. Մենշիկովի պալատը» նկարված է թղթի վրա, խառը տեխնիկայով: Օրանիենբաումը քաղաք է Սանկտ-Պետերբուրգի Պետրոդվորցովոյի շրջանի կազմում, որտեղ իր համար պալատ է կառուցել Պետրոս I-ի ընկեր և զինակից, նորին մեծություն իշխան Ալեքսանդր Դանիլովիչ Մենշիկովը:
Այդ պալատի շինարարության ավարտը համընկավ Պետրոս Մեծի մահվան տարվան, որից հետո շնորհազրկված Մենշիկովն աքսորվեց հեռավոր Բերյոզով։ Այնտեղ էլ նա ավարտեց իր կյանքը՝ այդպես էլ երբևէ չապրելով իր հոյակապ պալատում: Սակայն նրա անունը պահպանվել է XVIII դարի այս ճարտարապետական հուշարձանի անվանման մեջ:
«Մենշիկովի պալատը» Բենուան նկարել է 1901 թ., տեղում, ոչ հիշողությամբ, ինչպես հետագայում Փարիզում նա հիշողությամբ վերականգնում էր Սանկտ-Պետերբուրգի և Պետերբուրգի շրջանի որոշ տեսարաններ: Եվ սա է այս աշխատանքի որոշակի արժեքը:
1926-ին Ալեքսանդր Բենուան ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ: Նա ապրել է երկար, հետաքրքիր և բեղմնավոր կյանքով՝ թողնելով հսկայական ստեղծագործական ժառանգություն:
Ա. Ն. Բենուան Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
Ձևավորման էսքիզ Ի. Ս. Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» պիեսի բեմադրության համար
«Օրանիենբաում: Մենշիկովի պալատը: Տաղավար:» 1901
«Վերսալ: Ջրավազան», 1906
Ձևավորման էսքիզ Ա. Ս. Պուշկինի «Քարե հյուրը» պիեսի բեմադրության համար 1914
Ձևավորման էսքիզ «Սիլֆիդներ» («Շոպենիանա») բալետի համար ըստ Ֆ. Շոպենի երաժշտության, 1916
«Իտալական Կատակերգություն», 1916(՞)
Հեղինակի աշխատանքներից
Ձևավորման էսքիզ Ի. Ս. Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» պիեսի բեմադրության համար
Գեղանկար
Օրանիենբաում: Մենշիկովի պալատը: Տաղավար 1901
Գեղանկար
Վերսալ: Ջրավազան 1906
Գեղանկար
Ձևավորման էսքիզ Ա. Ս. Պուշկինի «Քարե հյուրը» պիեսի բեմադրության համար 1914
Գեղանկար
Ձևավորման էսքիզ «Սիլֆիդներ» («Շոպենիանա») բալետի համար ըստ Ֆ. Շոպենի երաժշտության 1916
Գեղանկար
Իտալական Կատակերգություն 1916 (՞)
Գեղանկար