Բորիս Կուստոդիևը ծնվել է Աստրախանում, Վոլգայի ափին: 18 տարեկանում տաղանդավոր երիտասարդը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, ընդունվել Արվեստի ակադեմիա, դարձել Իլյա Ռեպինի սիրելի ուսանողը:
Բորիս Կուստոդիևն իր ժամանակի «ամենից ռուս» նկարիչն էր: Նա նկարել է Ռուսիան: Կուստոդիևի` կենցաղային ժանրի և ժանրային նկարչության վարպետի ողջ ուղին սերտորեն կապված էր ռուսական թեմայի հետ:
«Ամառ. զբոսանք» նկարը նկարչի ուշ շրջանի գործերից է: Առաջին հայացքից պարզ է, որ կտավի վրայի բնանկարը ռուսական է, և թվում է, որ նկարիչը հոգու խորքում ուրախանում է՝ դիտելով հասուն տարեկանի այս ոսկե դաշտը ծիածանի աղեղի ներքո: Եվ այստեղ կա այնքա՜ն շատ լույս, արև, ջերմություն և ուրախ գունեղություն: Դժվար է հավատալ, որ նա նկարը ստեղծել է ոչ թե բնության գրկում, այլ իր սենյակում՝ լինելով մահացու հիվանդ:
31 տարեկանում նրան ախտորոշվել է ողնաշարի քաղցկեղ: Ընդամենը երեք տարվա ընթացքում սարսափելի հիվանդությունը ծաղկող երիտասարդին վերածել է հաշմանդամի: Նա 15 տարի անցկացրել է սայլակի մեջ: Այս տարիների ընթացքում նա ստեղծել է իր ամենավառ, ուրախ, լավատեսական և կյանքով լի աշխատանքները: «Ամառ. զբոսանքը» ստեղծվել է 1926 թ.։ 1927 թվականի մայիսին նկարիչը մահացավ:
Կուստոդիևի «Գեղեցկուհին» ստեղծվել է 1920-ականներին և Պետական Տրետյակովյան պատկերասրահում պահվող 1915 և 1921 թվականներին ստեղծված նույնանուն նկարների տարբերակն է:
Հենց այսպիսին են 20-րդ դարի սկզբին մարդիկ պատկերացրել գեղեցկուհուն՝ թմբլիկ, ոսկեվարս, վարդագույն այտերով, սրտաձև շուրթերով, որը, արթնանալով իր սենյակում, ոտքը դնում է կարմիր կոշիկի մեջ: Միգուցե նա ինչ-որ բանի է սպասում: Կամ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկի: Նկարիչը նրան պատկերել է նախշազարդ սնդուկի վրա, իսկ կողքին վարդագույն նրբափետրե անկողինն է, որի վրա գեղեցկուհին անձնատուր է լինում գրգանքի Այս պատկերը մի ամբողջ դասի կյանքի պերճախոս խորհրդանիշն է: Կուստոդիևի կանանց մասին հեքիաթի լեզվով կարելի է ասել. «Սպիտակ-վարդագույն կտրած, մեղրաբլիթներ կերած»:
Բ. Մ. Կուստոդիևը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Գյուղ Կոստրոմայի նահանգում», 1914
«Գեղեցկուհին», 1920-ական թթ. 1915, 1921 թթ. նույնանուն նկարների տարբերակ (ՊՏՊ)
«Ամառ: Զբոսանք», 1926
Հեղինակի աշխատանքներից
Ամառ: Զբոսանք 1926
Գեղանկար
Գյուղ Կոստրոմայի նահանգում 1914
Գեղանկար
Գեղեցկուհին 1915, 1921 թթ. նույնանուն նկարների տարբերակ (ՊՏՊ) 1920-ական
Գեղանկար