Կ. Ա. Սոմովն ուսանել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում Ի. Ե. Ռեպինի մոտ: Սոմովը «Արվեստի աշխարհ» գեղարվեստական միավորման հիմնադիրներից և ակտիվ մասնակիցներից էր: Հենց նա է այս միավորման շրջանակում հիմնադրել ռետրոսպեկտիվիզմը: Նրա և այդ միավորման իր ընկերներից շատերի համար հատկապես մոտ ու զգալի էին XVIII դարը և XIX դարի սկիզբը: Նրանց ոգեշնչում էին պալատա-պարտեզային անսամբլները, ճեմուղիները, շատրվանները, քանդակները, մարմարը և այդ ժամանակների պաճուճազարդ հանդերձանքով կերպարները: Նրանք իրենց իդեալները փնտրում էին անցած դարաշրջանների գեղեցկության մեջ:
Կոնստանտին Սոմովը «Արվեստի աշխարհի» միակ անդամն էր, որը, չնայած բեմի հանդեպ ունեցած ողջ սիրուն, չի աշխատել որպես բեմանկարիչ: Սակայն նրա բոլոր գործերը կրում են թատերականության ինչ-ինչ գծեր:
Նա հանդես է եկել որպես դիմանկարիչ, բնանկարիչ, գրքերի նկարազարդող և ձևավորող, քանդակագործ և կիրառական արվեստի նկարիչ:
Սոմով բնանկարիչն անխոնջ և անհագ կերպով հետևում էր բնությանը, սիրահարված էր նրան և տառապում էր, ըստ Ալեքսանդր Բենուայի, «բնության հետ մենամարտում»:
«Ամպ» բնանկարը ստեղծվել է 1896 թվականի սեպտեմբերին: Նկարիչն այն կատարել է խառը տեխնիկայով՝ թղթի վրա ստվարաթղթի վրա:
«Կոսոգորը» (կտավ, յուղաներկ) նույնպես վերաբերում է նրա ստեղծագործության վաղ շրջանին: Այս բնանկարների ստեղծման վայրն անհայտ է: Կարելի է ենթադրել միայն, որ դրանք ստեղծվել են Մարտիշկինում՝ Օրանիենբաումի մերձակայքում, որտեղ Սոմովներն ունեցել են ամառանոց և որտեղ նկարիչը հաճախ է հանգստացել և աշխատել XIX դարի վերջին, XX դարի սկզբին:
Սոմովը շատ ուրիշների պես հեռացել է Ռուսաստանից խորհրդային իշխանության առաջին տարիներին: Նա հաստատվել է Փարիզում, որտեղ մահացել է 1939 թվականին։
Կ. Ա. Սոմովը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Ամպ», 1896
«Անտառում»
«Սարալանջ»
«Քնած երիտասարդ կինը», 1922 թ. նույնանուն նկարի տարբերակ (Ի. Ի. Բրոդսկու թանգարան-բնակարան)
«Վերսալ: Հրավառություն (Նեպտուն)»