Քանդակագործ, 19-րդ դարի կեսի և վերջի ֆրանսիական գեղարվեստի դպրոցի ակնառու ներկայացուցիչ, հսկայական թվով մոնումենտալ, կամերային և մանր քանդակների ստեղծող, տաճարների, հասարակական շենքերի և պալատների ինտերիերի դեկորատիվ ձևավորման փայլուն վարպետ, ստեղծողը և իրագործողը Բելգիական բորսայի ու մի քանի հարևան շենքերի դեկորատիվ անսամբլի, որոնց վրա նա վեց տարի աշխատել է իր լավագույն ուսանողի՝ Օգյուստ Ռոդենի հետ միասին:
Ալբեր-Էռնեստ Կարյե-Բելյոզը ծնվել է Անիզի-լե-Շատո քաղաքում, բարեկեցիկ ընտանիքում: Բավական չափահաս տարիքում՝ տասնվեց տարեկանում, ընդունվել է Գեղարվեստի բարձրագույն ազգային դպրոց, ժամանակի ամենահայտնի քանդակագործ և մեդալագործ, հոգեբանական դիմանկարի ճանաչված վարպետ Պիեռ Ժան Դավիդ դ’Անժերի արվեստանոցը: 1870-ականներին մասնակցել է Փարիզի Գրանդ Օպերայի նոր շենքի ինտերիերների զգալի մասի ձևավորմանը:
Չնայած մոնումենտալ արձանագործության բնագավառում անվերապահ ճանաչմանը, երբ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքը միայն բարձրացրել է նրա պրոֆեսիոնալ մակարդակը, Ալբերտ-Էռնեստը, այնուամենայնիվ, դարձել է կամերային քանդակի անզուգական վարպետ: Այդուհետ նրա արհեստանոցի հաստոցի վրա ծնված գրեթե յուրաքանչյուր գործ արժանացել է փարիզյան Սալոնների մրցանակներին, Համաշխարհային ցուցահանդեսների ոսկե մեդալներին, Ֆրանսիական մեծ ժյուրիի բոլոր հնարավոր պարգևներին և նույնիսկ Պատվո լեգեոնի շքանշանի սպայի կոչման:
Ռուսական արվեստի թանգարանում գտնվող «Ընթերցողուհին» թերևս նրա ամենահայտնի և ամենից շատ բազմացված գործերից է քանդակագործի հսկայական ստեղծագործական ժառանգության մեջ: Դրանից կատարվել են մի քանի հեղինակային կրկնօրինակներ և նրա կյանքի օրոք կատարված ուսանողական պատճենումներ:
Գրավիչ երիտասարդ կնոջ գեղեցիկ կերպարը ներկայացված է ընդունված նորաձևության համաձայն՝ նեղ փակ կրծկալով երկարափեշ բաց վերնազգեստով, որը զարդարված է նրբագեղ մանրակրկիտ զարդանախշով և բացվածքի շրջանում սահուն բերտայով: Սլացիկ համամասնություններին լրացուցիչ բարեձևություն է տալիս գլխանոցի և ռեդինգոտի բարձր ծալովի օձիքը, որը, ինչպես նաև գնալով նեղացող թևքերի թեզանիքները, ասեղնագործված են անտիկ նախշազարդերի ոճի մեծ ծաղիկներով: Տարբեր պատկերները, դարաշրջաններն ու ոճերը մեկ ներդաշնակության մեջ միաձուլելու նկարչի եզակի ունակությունը նրա կերպարներին վեր է բարձրացնում որոշակի ժամանակից և վայրից՝ մեկընդմիշտ դարձնելով հասկանալի և «յուրային»: Սրանով չի՞ բացատրվում արդյոք վարպետին սրտամոտ թեմաների՝ մերօրյա վարիացիաների ի հայտ գալը:
Ալբեր-Էռնեստ Կարիեր-Բելյոզը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Ընթերցողուհին»