XIX դարի երկրորդ կեսի ռուսական քանդակագործական դպրոցի ներկայացուցիչ, որը հատուկ տեղ է զբաղեցնում ռուսական արվեստում: Ծնվել է Լիտվական գավառի Վիլնո քաղաքի մերձակայքում գտնվող Անտոկոլ բնակավայրում, հրեա հյուրանոցատեր Մաթիսի խիստ հավատացյալ և խիստ աղքատ ընտանիքում: Ծնողները, ծանրաբեռնված լինելով առօրյա հոգսերով, խելամիտ և գործնական մարդիկ էին: Ինչ-որ կերպ կազմակերպելու համար որդու կյանքը, որի հետ մեծանում էին ևս երեք տղա և չորս աղջիկ, նրանք, նկատելով որդու սերը նկարչության հանդեպ, որը բացարձակապես անօգուտ էր տնային տնտեսության համար, տասնամյա Մարդուխին (Մարկին) աշակերտության են տվել մի միջին կարգի վարպետի մոտ, որը նրան ցածր վճարով փայտափորագրություն է սովորեցրել: Այն, որ դեռահասը բնությունից օժտված էր հրաշալի ընդունակություններով, վերլուծական և թափանցիկ մտքով, հմուտ էր և ուշիմ, որը վարպետից «կորզում էր» շատ ավելին, քան որ վերջինս կարող էր նրան տալ, հաստատեց երջանիկ պատահարը: Մարկ Մատվեևիչն իր «Ինքնակենսագրության» մեջ գրել է այն մասին, թե ինչպես համեստ ենթավարպետի իր առաջին իսկ փորձը՝ Վան Դեյքի «Քրիստոսը և Աստվածամայրը» կտավի վերարտադրությունը, որը նա, ձգտելով հանդարտեցնել անծանոթ թրթիռն ու ներքին հուզմունքը, վերապատկերել էր փայտե տախտակի վրա Լիտվայի գեներալ-նահանգապետ Վ. Նազիմովի բարձրագույն հովանու ներքո, իր համար բացել է Կայսերական Արվեստի Ակադեմիայի դռները,: Այնուհետև ստեղծել է իր առաջին մեծ աշխատանքը՝ «Ցար Իվան Վասիլևիչ Ահեղը», որը նրան արժանացրել է քանդակի ակադեմիկոսի կոչման և պրոֆեսորական ամբիոնի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, իսկ մոտ ապագայում` եվրոպական արվեստի գրեթե բոլոր ճանաչված ակադեմիաների պատվավոր ակադեմիկոսի և ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կոչում՝ 1878-ի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում տարած հաղթանակի և բարձրագույն պարգևի համար:
«Մեֆիստոֆելի գլուխը» մեծ քանդակի (1883, Պետական Ռուսական թանգարան, Սանկտ Պետերբուրգ) համար կատարված նախապատրաստական էտյուդներից մեկն է: Մոտ տասը տարի հեղինակն աշխատել էր գայթակղիչի և չարի առեղծվածային հանճարի կերպարի մշակման վրա, որը հղացել է որպես զուգահեռ կերտվող Հիսուս Քրիստոսի պատկերի հակադրույթ, ինչը պիտի նպաստեր վերջինիս ճիշտ մեկնաբանմանն ու ընկալմանը: Նախապես Մեֆիստոֆելի կերպարը քանդակագործին ներկայացել է Գյոթեի «Ֆաուստի» համատեքստում: Սակայն շուտով, չցանկանալով իր հերոսին կապել «որևէ ազգի, որևէ ժամանակի» հետ, նա սկսել է «նրա մեջ տեսնել անսահմանությանը պատկանող մի բան»: Այնուհետև համառորեն որոնել է չարի կոնկրետ դրսևորումը՝ ճշգրտորեն բացահայտելու դրա հզոր և հակասական էությունը՝ կանգ առնելով մե՛րթ բարձր մարդկային մտքի խորհրդանիշի՝ գրքի, մե՛րթ Ֆաուստի հագուստի գայթակղության վրա, որը հիշեցնում էր Գյոթեի հերոսի կեղծ և նենգ իմաստությունը, ինչը քանդակագործի կերտած կերպարի մեջ չէր կարող լինել: Նրա պատկերացմամբ՝ Մեֆիստոֆելը ոչ այնքան անընդհատ գայթակղում և փորձարկում է որոշակի պատմական ժամանակաշրջանի անհատին, այլև ընդհանրապես ոչնչացնում է մարդու անհատականությունը: Հետաքրքիր է, որ Ֆաուստի դերերգը կատարած Շալյապինը «Մեֆիստոֆելի կերպարը նույնպես տեսել է առանց բուտաֆորիայի և հատուկ հագուստների»:
Մ. Մ. Անտոկոլսկին չի մշակել պլաստիկ լեզվի նոր սկզբունքներ, այլ սոսկ ներդաշնակ մի ամբողջության մեջ զուգակցել է ակադեմիական ավանդույթի արտահայտչամիջոցներն ու բնության հետևողական վերարտադրության ավանդույթը, բայց առանց դրա կույր ընդօրինակման: Սակայն նրա մեծ արժանիքն այդ միությունն իրական հումանիտար բովանդակությամբ վերակենդանացնելու, զարդարելու և ամրացնելու մեջ է՝ ստեղծելով դարաշրջանի սեփական գեղագիտական պատկերը: «Այս պատկերը վերարտադրելու անհրաժեշտությունն այնքան ուժեղ էր, որ, անելով դա, ես ազատում եմ իմ հոգին»:
Մ. Մ. Անտոկոլսկին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
Մեֆիստոֆելի գլուխը 1880-ական թթ.
Հեղինակի աշխատանքներից
Մեֆիստոֆելի գլուխը 1880-ական
Քանդակ