Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխը բազմակողմանի տաղանդի տեր անձնավորություն էր: Եղել է նկարիչ և բեմանկարիչ, հնագետ և ազգագրագետ, գրող և ճանապարհորդ, պատմաբան և փիլիսոփա: Նա ծնվել է 1874-ի սեպտեմբերի 27-ին (հին տոմարով), Սանկտ-Պետերբուրգում, հայտնի փաստաբան-նոտարի ընտանիքում:
Ռերիխի հին սկանդինավյան տոհմը Ռուսաստանում հաստատվել էր Պետրոս Մեծի օրոք:
1910-ին նա ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի «Արվեստի աշխարհ» գեղարվեստական միավորումը:
Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռերիխը ճանապարհորդել է շատ երկրներ, բայց ամենից շատ նրան գրավել է Հնդկաստանը, որով նա հափշտակված է եղել դեռ փոքր հասակից: 1923-ին նա իր աչքերով տեսել է Հնդկաստանը, և սկսվել է նրա մեծ բարեկամությունն այդ երկրի հետ, որտեղ նրան վիճակված էր ապրել կյանքի մնացած մասը:
Մեր թանգարանում ներկայացված Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխի գործերը վերաբերում են նրա գործունեության նախահեղափոխական, ռուսական ժամանակաշրջանին:
«Արխայիկ բնանկարը», «Ամպ» և «Նշան» գործերը ստեղծվել են 1910-ական թվականներին: Ռերիխը միշտ ձգտել է դեպի սիմվոլիզմը՝ իր գործերում լայնորեն օգտագործելով բազմազան նշաններ և խորհրդանիշներ: Այդ ձգտումը որոշակիորեն զգացվում է այս նկարներում: Բնանկարներն ամայի են: Դրանց կենդանություն են տալիս հազվադեպ հանդիպող ծառերը: Իսկ անսովոր «պատմական» երկիրը լռությամբ պահպանում է անցյալի հիշողությունը, և որպես հազարամյա պատմության վկայություն՝ այս հողի վրա մնում են հինավուրց քարե կառույցներ` որոշ «նշաններ»: Դրանք հիշեցնում են, որ հին ժամանակներում մարդիկ են ապրել այնտեղ և գոյություն են ունեցել քաղաքակրթություններ: Բնանկարները կատարված են տեմպերայի և պաստելի տեխնիկայով, ինչը դրանց եթերայնություն ու գունագեղություն է տալիս: Դրանցում գերակշռում են կապույտ-երկնագույնն ու սպիտակը` նկարչի սիրած գույները: Ընդ որում, կապույտ գույնը նրա գործերում հաճախ բազմաթիվ երանգներ է ստանում:
Նիկոլայ Ռերիխը մահացավ 1947 թվականի դեկտեմբերի 13-ին, Կուլլու հովտում: Այնտեղ նրա հիշատակին հուշարձան է կանգնեցված:
Ապրելով Հնդկաստանում ՝ Ռերիխը շատ բան է արել ռուս-հնդկական բարեկամության ամրապնդման և հետագա զարգացման համար:
Ն. Կ. Ռերիխը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Արխայիկ բնանկար», 1910-ական թթ. (՞)
«Ամպ», 1913
Ձևավորման էսքիզ Մ. Մետերլինկի «Արքայադուստր Մալենը» պիեսի բեմադրության համար, 1913
«Նշան»
Հեղինակի աշխատանքներից

Նշան
Գեղանկար

Ձևավորման էսքիզ Մ. Մետերլինկի «Արքայադուստր Մալենը» պիեսի բեմադրության համար 1913
Գեղանկար

Ամպ 1913
Գեղանկար

Արխայիկ բնանկար 1910-ական (՞)
Գեղանկար