Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) դեկտեմբերի 1-ին ներկայացվեց իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն «ԽԱՉ ՔՈ» խորագրի ներքո:
Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուի հիման վրա ձևավորված Ռուսական արվեստի թանգարանի առաքելություններից մեկն է ժամանակակից հավաքորդների հավաքածուները լայն հանրությանը ներկայացնելը։
Հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուները ներկայացվել են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մատենադարանում և մի շարք այլ թանգարաններում:
«ԽԱՉ ՔՈ» ցուցահանդեսն ընդգրկում է թե՛ հայկական, թե՛ այլ ժողովուրդների խաչեր, ստեղծված միջնադարից մինչև նորագույն շրջան: Մի հարկի ներքո ցուցադրված քրիստոնեական տարբեր քաղաքակրթություններից խաչերի լայն համատեքստը միտված է բացելու նոր տեսողական, իմացական հորիզոններ:
Տարիներ առաջ արվեստանոցում կողք-կողքի կախելով հայկական, հռոմեկան և բյուզանդական եկեղեցիներին բնորոշ խաչերը, կրոնամշակութային ակնհայտ տարբերությունները Նարեկ Վանի մեջ բորբոքեցին հավաքորդի նոր հետաքրքությունները` բացահայտել, ուսումնասիրել ավետարանական անփոփոխ տեքստը տարբեր մշակույթներում: