2024թ. դեկտեմբերի 28-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «ԿՇԵՌՔ» պատմագեղարվեստական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի կեսերի կշեռքներ Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու կշեռքի պատմությանը, խորհրդաբանությանը, ձևերին և կիրառման եղանակներին։
Կշեռքի խորհուրդը կներկայացվի միջնադրայան մանրանկարչության, քանդակագործության օրինակներով, իսկ Սերգեյ Փարաջանովի և Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները յուրովի կմեկնաբանեն կշեռքի գեղարվեստական իմաստաբանությունը։
Այս ցուցահանդեսը միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակ է, որտեղ ներկայացվում են կշեռքներ Հայաստանի պատմության թանգարանի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի, Միջին արևելքի թանգարանի, Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի, կոլեկցոներներ Նարեկ Վան Աշուղաթոյանի, Հակոբ Մոմջյանի, Գալամքերյանների և Հրազդան Թոքմաջյանի հավաքածուներից։
Ցուցահանդեսը կտևի մինչև 2025թ. ապրիլի 1-ը ներառյալ։ Ամբողջ ընթացքում կկազմակեպվեն թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր։