Այցելի՛ր Ռուսական արվեստի թանգարան
Դի՛ր «VR» ԱԿՆՈՑ
ՀԱՅՏՆՎԻ՛Ր ԳԵՂԱՆԿԱՐՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին ժամը 13.00-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը։
Ծրագիրը նախատեսում է Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի ներկայացումը VR տեխնոլոգիայի միջոցով։ Դիտողները վիրտուալ իրականության ակնոցի միջոցով կհայտնվեն ստեղծագործության «ներսում» (նկարի հիման վրա նախապես ստեղծված 3D միջավայրում), «կզբոսնեն» այնտեղ, «կհանդիպեն» նկարի հերոսներին և կծանոթանան ստեղծագործության պատմությանը։
ՀՀ թանգարանների պատմության մեջ սա առաջին փորձն է, որտեղ այցելուն հայտնվում է հենց նկարի «ներսում»։
Այսուհետ թանգարանի այցելուները հնրարավորություն կունենան օգտվել այս յուրահատուկ ծառայությունից:
Այցելեք Ռուսական արվեստի թանգարան, վիրտուալ ակնոցի միջոցով «շրջեք» ռուս մեծ նկարիչ Բ. Գրիգորևի ստեղծած «ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ» և ունկնդրեք նկարի պատմությունը ձեր նախընտրած լեզվով (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։
Ռուսական արվեստի թանգարանի առաքելությունն է հասարակության տարբեր շերտերի համար վերածվել կրթական, մշակութային և ինտերակտիվ ժամանցի կենտրոնի` իր հավաքածուի գլուխգործոցների տարաբնույթ մատուցման միջոցով։ Թանգարանային ցուցադրություն ներմուծված վիրտուալ իրականության (Virtual Reality) տեխնոլոգիայի վրա հիմնված հավելվածը նորովի կմատուցի արվեստի ստեղծագործությունները։ Նախագիծն իրականացրել է «ԱՐԼՈՒՊԱ» ընկերությունը Ռոստելեկոմ Հայաստանի հովանավորությամբ: